Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ է շատ պայմաններ դնել ամերիկացիների առջեւ՝ ելնելով այն բոլոր սահմանափակումներից, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Թուրքիայի դեմ, այդ թվում՝ պատժամիջոցներ։ Սակայն կասկածում եմ, որ ԱՄՆ ղեկավարությունն այնքան հեռու կգնա, որ կվերացնի պատժամիջոցները եւ թույլ կտա Անկարային վարել իր ուզած քաղաքականությունը։ Այս մասին ապրիլի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները ծագել են ոչ թե Բայդենի, այլ նույնիսկ Օբամայի օրոք եւ շարունակվել են Թրամփի օրոք։
«Իսկ Բայդենն ընդհանրապես բացեիբաց մտադիր էր հեռացնել Էրդողանին, եւ Էրդողանը դժվար թե մոռանա դա»,- ընդգծեց Սատանովսկին:
Նրա խոսքով՝ Թուրքիան շահագրգռված է պահպանել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սեփական պայմաններով, այդ թվում՝ որպեսզի դա չխանգարի նրան օգուտ քաղել Ռուսաստանի հետ առեւտրի, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հաշվին:
Անկարան ուկրաինական հարցում, ըստ քաղաքագետի, իր կողմից է, այլ ոչ թե՝ Ռուսաստանի կամ Ուկրաինայի։
«Դա նրա ռազմավարական ընտրությունն է։ Իհարկե, Անկարան պատրաստ է անել ամեն ինչ Ուկրաինայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, բայց՝ ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Դժվար է ասել, թե դա որքանով է տեղավորվում ամերիկյան կոնցեպտների շրջանակում։ Առայժմ՝ ոչ մի կերպ: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները կսպասեն՝ արդյոք Էրդողանը կհեռանա 2023 թվականի ընտրություններից հետո, եւ դրանից հետո կբանակցեն նրա իրավահաջորդների հետ, եթե, իհարկե, Էրդողանին հաջողվի հեռացնել։ Իսկ եթե չհաջողվի, ապա կսպասեն եւս վեց տարի։ Եթե Էրդողանը չհաղթի ընտրություններում եւ նրա իրավահաջորդները շատ ավելի արեւմտամետ լինեն, ապա Թուրքիան կրկին արեւմտյան ճամբարի խաղացող կդառնա»,- հավելեց Սատանովսկին։




























