ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները մտադիր են հետագա ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նա նշել է, որ խոսքը հակատանկային զինատեսակների, հակաօդային պաշտպանության համակարգերի եւ այլ տեխնիկայի մասին է։
«Դաշնակիցներն ավելացրել են նաեւ մարդասիրական եւ ֆինանսական օգնությունը։ ՆԱՏՕ-ն նաեւ կտրամադրի կիբեռանվտանգության ոլորտում աջակցություն եւ Ուկրաինային կօգնի պաշտպանվել քիմիական եւ կենսաբանական սպառնալիքներից»,- ասել է նա։
Սթոլթենբերգը հայտնել է, որ հինգշաբթի ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ներկա կլինի նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Նա մեզ կտեղեկացնի վերջին զարգացումների, այդ թվում՝ Մոսկվայի հետ Կիեւի բանակցությունների մասին»,- ասել է նա։
«Բանակցային սեղանի շուրջ ներկա կլինեն նաեւ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները։ Մեզ կմիանան նաեւ ՆԱՏՕ-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գործընկերները՝ Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան եւ Կորեայի Հանրապետությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգի խոսքով՝ հանդիպման արդյունքներով ակնկալում է համաձայնագրեր ստորագրել Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացման վերաբերյալ։




























