Գերմանիայում հանցավորության ընդհանուր մակարդակը շարունակում է նվազել, սակայն երկրում մանկական պոռնոգրաֆիայի եւ կիբեռհանցագործությունների կտրուկ աճ է դիտարկվում, երեքշաբթի ասել են անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները, հաղորդում է AP-ն:

2021թ․ Գերմանիայում մանկական պոռնոգրաֆիայի տարածումն ավելի քան կրկնապատկվել է՝ 108,8 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։

«Երեխաների նկատմամբ սեռական բռնության սարսափելի մասշտաբները ինձ համար հստակ մանդատ են՝ հնարավոր բոլոր հետեւանքներով քայլեր ձեռնարկելու համար»,- Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը:

Ֆեզերն նշել է, որ կառավարությունը նաեւ աշխատում է տվյալների վերլուծությունը բարելավելու ուղղությամբ, այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ՝ մանկական պոռնոգրաֆիայի եւ դրա տարածման դեմ պայքարելու համար:

Մանկական պոռնոյի տարածման մասին հաղորդումների աճի պատճառներից մեկը Գերմանիայի համագործակցությունն է ԱՄՆ-ի անհետ կորած եւ շահագործվող երեխաների ազգային կենտրոնի հետ, որը իշխանություններին տեղեկացնում է Գերմանիայում իրավախախտումների մասին։

Ինչպես նախորդ տարիներին, կիբեռհանցագործությունների թիվը շարունակում է աճել։ 2021թ․ գրանցվել է 146 363 դեպք՝ 12,1 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում 2017-ից հանցագործության նվազում է գրանցվել։ 2021թ․ արձանագրվել է 5 047 860 քրեական հանցագործություն, ինչը 4,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։