Եթե ԱՄՆ-ը իսկապես շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, պետք է դադարեցնի թափահարել պատժամիջոցների մահակը։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները պետք է դադարեցնեն հանդես գալ սպառնալիքներով Մոսկվայի հասցեին եւ սատարել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների առաջմղմանը։ Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը «շահում է քաոսից», իսկ պատժամիջոցներով խաղաղությունը չես վերադարձնի, եւ անվտանգություն չես ապահովի»։
Նա նշել է, որ ուկրաինական Բուչա քաղաքում ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր մեղադրանքները պետք է հենվեն իրական փաստերի վրա։ «Ցանկացած մեղադրանք պետք է հենվի իրական փաստերի վրա։ Անհրաժեշտ է պահպանել զսպվածություն՝ ընդհուպ մինչեւ հետաքննության անցկացումը»։
Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը կպաշտպանի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն։ «Անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել իրականում, եւ պարզել պատճառները, որոնք հանգեցրել են դրան»,- ամփոփել է նա։
Ինչպես երեքշաբթի հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, մեկնաբանելով Պեկինի դիրքորոշումը Բուչայում կատարվածի համատեքստում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում Չինաստանը «պատմության ոչ ճիշտ կողմում» է գտնվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Կիեւի մարզի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության Կիեւի մեղադրանքները։ Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ Զինված ուժերը քաղաքից լրիվ հեռացել են դեռեւս մարտի 30-ին, իսկ «հանցագործությունների վկայությունները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ այնտեղ են եկել Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ինչպես հիշեցրել է ՌԴ ՊՆ-ն, մարտի 31-ի տեսաուղերձում Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հաստատել է, որ քաղաքում ռուսաստանցի զինվորականներ չկան, եւ չի հիշատակել փողոցներում գնդակահարված տեղի բնակիչների մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրավիճակը Բուչայում անվանել է «ֆեյք գրոհ»։





























