Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ կմտցնի Ռուսաստանի դեմ՝ ի հավելումն վերջին փաթեթի, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Սրանք մեր վերջին պատժամիջոցները չեն»,- ասել է նա Եվրախորհրդարանում պատժամիջոցների վերջին փաթեթը ներկայացնելիս, որը ներառում է ռուսական ածխի գնման արգելքը։ «Հիմա մենք պետք է ուշադրություն դարձնենք նավթին եւ այն եկամուտներին, որոնք Ռուսաստանն ստանում է հանածո վառելիքից»,- ասել է նա։
«Մենք կարգելենք Ռուսաստանից 4 մլրդ եվրո գումարի ածխի ներմուծումը։ Դա կկրճատի եկամուտների եւս մեկ կարեւոր աղբյուր Ռուսաստանի համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
ԵՄ-ը իր ածխի 19,3 տոկոսը 2020թ., ըստ Եվրոպական վիճակագրական վարչության տվյալների, ներմուծել է Ռուսաստանից։
ԵՄ-ը նաեւ նախատեսում է արգելել գործառնությունները ռուսաստանյան չորս բանկերի հետ, ներառյալ ՎՏԲ-ն, եւ պատժամիջոցներ մցնել եւս մի քանի ռուսաստանցի օլիգարխների հանդեպ։
ԵՄ-ի ղեկավարները ցանկանում են նաեւ արգելել 10 մլրդ եվրո արժողությամբ կիսահաղորդիչների, մեքենաների եւ տրանսպորտային սարքավորումների արտահանումը։




























