Ուկրաինական պատերազմի օրինակով Թուրքիան տեսնում է, որ ռուսական սպառազինությունն «իրեն այդքան էլ լավ չի դրսեւորել» մարտի դաշտում։ Այս մասին Hürriyet Daily News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ խոսելով Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերման հետ կապված Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ առկա տարաձայնությունների մասին։
Ըստ նրա՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման հարցով ռազմավարական մեխանիզմը նախատեսված է համագործակցության բոլոր խնդիրները լուծելու համար։
«Կարծում եմ, որ Ուկրաինայի պատերազմի համատեքստում հետաքրքիր պահերից մեկն այն է, որ Թուրքիան կարող է տեսնել, թե ինչպես է գործում ռուսական զենքը մարտի դաշտում, եւ որ այն իրեն այդքան էլ լավ չի դրսեւորում»,- ասել է Նուլանդը։
Նուլանդի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով մոտ ապագայում Ռուսաստանը պաշտպանական ոլորտում պաշարների համալրման կարիք կունենա։ «Այդպիսով, դա հաստատում է այն միտքը, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համակարգերը համատեղելի են, մենք ավելի ուժեղ ենք եւ կախված չենք Ռուսաստանի նման երկրներից»,- ասել է Նուլանդը:





























