Ուկրաինայում կոնֆլիկտից ամենից շատ շահում է Չինաստանը, քանի որ իշխանությունն արեւմուտքից արեւելք է տեղափոխվում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, փոխանցում է Mehr-ը։

«Այս պատերազմը նվազեցրեց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հզորությունը, բայց Ռուսաստանը եւս տուժեց, ընդ որում, ամենամեծ վնասը Ռուսաստանին հասցվեց համաշխարհային հանրային կարծիքի համատեքստում եւ ռուսական հանրային դիվանագիտության հզորությանը»,- ասել է գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:

Ռազմական խորհրդականը նաեւ նշել է, որ Արեւմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բարձր գին կունենան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հենց Արեւմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար։

«Մենք պետք է ծրագրենք եւ գործենք ռազմավարական եւ համապարփակ մտածողությամբ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային հարթություններում, որպեսզի Իրանն ավելի ուժեղ դարձնենք՝ օգտագործելով տարածաշրջանային եւ գլոբալ հնարավորությունները»,- եզրափակել է նա։