Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հինգշաբթի օրն անհարմար վիճակի մեջ է ընկել իր կնոջ հարկային կարգավիճակի պատճառով՝ այն բանից հետո, երբ վերջինս հաստատել է, որ չի վճարել իր արտասահմանյան եկամուտներից Մեծ Բրիտանիայի հարկերը այն նույն օրը, երբ նա բարձրացրել է միլիոնավոր մարդկանց հարկերը, հաղորդում է Reuters-ը:
Նախկին բանկիր Սունակը ամուսնացած է Infosys ՏՏ ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Նարայանա Մերտիի դստեր՝ Ակշատա Մերտիի հետ: Վերջինիս է պատկանում ընկերության բաժնետոմսերի մոտ 0,93 տոկոսը։
Մերտիի մամուլի քարտուղարը չորեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է, որ Մերտին համարվում է Մեծ Բրիտանիայում հարկման չենթարկվող անձ, ինչը նշանակում է, որ նա հնդկական բիզնեսից ստացված շահաբաժինների համար Մեծ Բրիտանիայում հարկեր չի վճարի:
Պատասխանելով այս մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ քաղաքական գործիչների ընտանիքները չպետք է խառնված լինեն քաղաքականության մեջ, սակայն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ կան հարցեր, որոնց Սունակը պետք է պատասխանի։
Սունակը ժամանակին համարվում էր Ջոնսոնին փոխարինելու առաջատար թեկնածու, բայց վերջին շաբաթների ընթացքում նա հայտնվել է ԶԼՄ-ների մի շարք տհաճ վերնագրերում այն բանից հետո, երբ բարձրացրել է հարկերը եւ ճգնաժամի պայմաններում չի կարողացել նոր աջակցություն առաջարկել երկրի բնակչության ամենաաղքատ շերտերին:





























