ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունը եւ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, հինգշաբթի ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Հանդիպման մասնակիցները քննարկել են հատուկ ռազմական գործողության ընթացքը, ինչպես նաեւ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները։ Ընդգծվել է նաեւ ուկրաինական կողմի տեղեկատվական եւ այլ դիվերսիաներին, ինչպես դա եղավ Բուչայում, ակտիվորեն հակազդելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Պեսկովը։
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ բնապահպանական գործունեության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։





























