ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային չդառնալ «կեղտոտ փողերի ավազան ռուս օլիգարխների համար», գրում է Deutsche Welle-ն։

Թուրքիայի համար շատ կարեւոր է թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին Deutsche Welle-ին ասել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջուլի Իադեն։

«Թուրքիան պետք է շատ զգույշ լինի»,- ասել է Իադեն՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Թուրքիա կատարած այցի մանրամասները։

Նուլանդը բանակցություններ է վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Էնալի եւ նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական եւ խոսնակ Իբրահիմ Քալընի հետ, քննարկել Ուկրաինան եւ երկկողմ կապերի ամրապնդման ռազմավարական մեխանիզմի գործարկումը, գրում է Ahval-ը։