Ֆրանսիայում ոստիկանությունը տարհանել է Թուլուզ քաղաքում գտնվող Սենտ-Էտյեն տաճարը՝ պայթուցիկ սարքի ենթադրյալ տեղադրումից հետո, հաղորդում է AP-ը:

Նշվում է, որ ենթադրյալ ինքնաշեն ռումբով փաթեթ է թողնվել տաճարում։

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ ենթադրյալ ինքնաշեն ռումբը չի պայթել։

Փաթեթը, որը, ըստ երեւույթին, «ինքնաշեն պայթուցիկ սարք» էր, անվտանգ վնասազերծվել է, ասվում է Դարմանինի հայտարարության մեջ:

Ձերբակալությունների մասին չի հաղորդվել։

Ֆրանսիական եկեղեցիները նախկինում եւս գտնվել են ծայրահեղականների թիրախում։ 2020թ․ թունիսցու կողմից Նիսի բազիլիկի վրա դանակով հարձակման հետեւանքով երեք մարդ է սպանվել։ 2016թ․ Նորմանդիայի քաղաքներից մեկում 84-ամյա քահանան սպանվել է եկեղեցու զոհասեղանի մոտ՝ հարձակման արդյունքում, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: