Լեհաստանի ավիացիոն ծառայությունները զգուշացնում են ուղեւորներին Վարշավայի օդանավակայանում չվերթների հնարավոր ուշացումների եւ չեղարկումների մասին՝ կապված բողոքի ցույցի եւ որոշ ավիադիսպետչերների աշխատանքից ազատվելու հետ, հայտնում է AP-ն։
Բողոքի ակցիան արձագանք է հունվարին թռիչքների կարգավորման մարմնի՝ Լեհաստանի աերոնավիգացիոն ծառայությունների գործակալության աշխատանքում կատարված փոփոխություններին եւ այն մեղադրանքներին, որ այն պատշաճ կերպով չի ապահովում օդային տարածքի անվտանգությունը: Դիսպետչերները նաեւ քննադատում են աշխատանքի համար վարձատրության նոր համակարգը, թեեւ այն թույլ է տալիս ամենափորձառուներին ամսական մինչեւ 45 000 զլոտի (10 500 դոլար) վաստակել:
Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի 216 ավիադիսպետչերներից 44-ն անցյալ ամիս ազատվել է աշխատանքից, իսկ մոտ 130-ը սպառնում է ապրիլին հեռանալ: Կարգավորող մարմնի նոր ղեկավարը նշանակվել է մարտի 31-ին, եւ բանակցությունները շարունակվում են։
Շաբաթ օրը մի քանի ժամանումներ եւ մեկնումներ օդանավակայանում հետաձգվել են միջինը 30 րոպեով։ Օդանավակայանի մամուլի քարտուղար Աննա Դերմոնտը հայտնել է, որ իրավիճակը ստեղծվել է դիսպետչերական աշտարակում անձնակազմի պակասի պատճառով։
Լեհաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը նախազգուշացում է տարածել, որ առաջիկա օրերին չվերթների հետաձգումներ կամ չեղարկումներ են հնարավոր։
Պետական աուդիտորական մարմինը՝ NIK-ը, խախտումներ է հայտնաբերել աերոնավիգացիայի աշխատանքում՝ հայտարարելով, որ ներքին լարվածություն կա, իսկ դիսպետչերները բողոքում էին չափազանց զբաղված լինելուց:
Մարտի կեսերին Լեհաստանի արեւելյան մասի օդային տարածքը ամրագրված էր միայն զորավարժությունների եւ պաշտպանական նպատակների համար՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։





























