Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի կարգադրել է արագացնել Հոնիական ծովում եւ Կրետե կղզու մոտ ածխաջրերի հետախուզման եւ արդյունահանման ծրագիրը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Hellenic Hydrocarbon Management Company ընկերության գրասենյակում, ինչպես նաեւ Hellenic Petroleum նավթային ընկերության վարչության հետ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Hellenic Hydrocarbon Management Company-ի ղեկավարությունը։

Հունական պետական ERT-1 հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Միցոտակիսը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ածխաջրերի որոնման աշխատանքների կարգավիճակը բարձրացվել է ազգային նշանակության նախագծերի մակարդակի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով In.gr պորտալին։

Վարչապետը մի շարք խնդիրներ է առաջադրել՝ ածխաջրերի հետախուզումը վերսկսելու նպատակով, հաշվի առնելով երկրի էներգառեսուրսների պահանջարկը՝ Ուկրաինայում իրադարձություններով պայմանավորված։ Նախ՝ պահանջվել է արագացնել ածխաջրերի որոնման եւ արդյունահանման ծրագրերը։ Երկրորդ՝ պետք է մինչեւ 2023թ. ավարտը հստակ պատկերացում ունենալ բնական գազի պոտենցիալ հանքավայրերի առկայության, ինչպես նաեւ այն մասին, թե կարելի է արդյոք դրանք շահագործել, կառավարության ղեկավարին մեջբերել է պորտալը։

Շրջակա միջավայրի պահպանության եւ էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասն, իր հերթին, հանդիպման ժամանակ նշել է հետեւյալ անհետաձգելի նախաձեռնությունների մասին. նախ՝ ստեղծվելու է նոր նպատակային աշխատանքային խումբ՝ երկրաբանական հետախուզման ընթացքին հետեւելու համար, երկրորդ՝ նախարարությունը հանդես է գալու որոնման աշխատանքների ժամկետը կրճատելու օրենսդրական նախաձեռնությամբ, երրորդ՝ Hellenic Hydrocarbon Management Company-ն կոնցեսիոներներին նամակ կուղարկի, որով նրանց կտեղեկացվի բնական գազի հանքավայրերի որոնումն ու շահագործումն արագացնելու կառավարության մտադրության մասին, տեղեկացրել է պորտալը։