Համաշխարհային բանկը Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի աջակցության նոր փաթեթ է պատրաստում, դրանում ներառված է 1 մլրդ դոլարի հատկացումը ամենաաղքատ երկրների զարգացման վարկատուի հիմնադրամից, ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, այս փաթեթը հնարավոր է դարձել Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից 1 մլրդ դոլարի չափով օգնության հաստատումից հետո, ինչպես նաեւ հարեւան Մոլդովային 100 մլն դոլարի վճարումից հետո։
Հաջորդ շաբաթ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներից առաջ ունեցած ելույթում Մալփասն ասել է, որ բանկի աջակցությունն օգնում է Ուկրաինային մատուցել կարեւոր ծառայություններ, ներառյալ հիվանդանոցների աշխատողների աշխատավարձերը, թոշակները եւ սոցիալական ծրագրերը: Օգնությունը գալիս է ի լրումն 923 մլն դոլարի արագ ֆինանսավորման, որը հաստատվել էր Համաշխարհային բանկի կողմից անցյալ ամիս:




























