Մշակը խնամելիս պետք է հաշվի առնել տարիքը եւ տարվա եղանակը, օրինակ` ամռանը եւ ձմռանը մաշկը խոնավեցման եւ սնուցման կարիք ունի: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հելիոս» դերմատո – կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ - կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը:

Նա ներկայացրեց մաշկի ճիշտ խնամման բանաձեւը. «Ամեն երեկո մաշկը պետք է մաքրել` հանելով շպարը, օրվա ընթացքում հավաքված փոշին: Առավոտյան արթնանալիս կարելի է մաշկը սրբել տոնիկով կամ ջրով, քսել ցերեկային խոնավեցնող քսուկ, որից հետո օգտագործել շպարը»- ասաց նա:

Կոսմետելոգը նշեց, որ ցանկացած մաշկի խնամքը եւ կոսմետիկայի օգտագործումը խիստ անհատական է, ներկայացրեց տնային պայմաններում պատրաստվող դիմակի մի բաղադրատոմս, որը մաշկի բոլոր տեսակների համար էլ կարելի է կիրառել. «Հերկուլեսը աղալ, խառնել թթված կաթ,մի երկու կաթիլ ձեթ,լիմոն, այդ ամենը քսել դեմքին, երկու րոպե պահելուց հետո մերսելով հանել դիմակը եւ կլինի լավ արդյունք».- խորհուրդ տվեց կոսմետոլոգը: Մաշկը խնամելիս պետք է հաշվի առնել նաեւ սննդակարգը, քանի որ կոսմետոլոգի խոսքով, ոչ ճիշտ սննդակարգը կարող է մաշկային խնդիրների առաջացման պատճառ լինել: Նա խորհուրդ է տալիս օգտագործել ամեն ինչ, բայց չափավոր, դա չի վերաբերում fastfood-երին եւ գազային ըմպելիքներին:

Զարուհի Փափանյանը նշեց, որ կոսմետիկան պետք է օգտագործել ըստ անհրաժեշտության եւ նպատակահարմարության` հաշվի առնելով տվյալ նյութի բաղադրությունը, մաշկի տեսակը: Ինչ վերաբերում է  տոնային քսուկներին կամ դիմափոշիներին, կոսմետոլոգը նշեց, որ դրանք էսթետիկ բնույթ են կրում, բայց պետք է ճիշտ օգտագործել, անպայման տոնային քսուկից կամ դիմափոշուց 10 րոպե առաջ քսել խոնավեցնող կրեմ: