Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա 2021-ի կարևորագույն ձեռքբերում համարեց մակրոտնտեսական կայունության ապահովումը հետպատերազմական ծանր շրջանում, որը, ըստ նրա, ահագնանում էր նաև ներքաղաքական և կորոնավիրուսային ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով և տագնապներով պայմանավորված:
«Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման և տնտեսական կայունությունը, այլև եվրոպարտատոմսերի աննախադեպ՝ 750 մլն դոլար ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ միջազգային հեղինակավոր Fitch և Moody’s վարկանշային գործակալությունները վերահաստատել են ՀՀ-ին տրված կայուն հեռանկարով վարկանիշները՝ վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունները:
«Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են: Եվ այս գնահատականները հաստատվեցին նաև գործնականում մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ՝ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը: Եվ որպես արդյունք 2021-ի հարկային բյուջեի եկամուտները, տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ, գերակատարվեցին 147 մլրդ դրամով: Այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»,-ասաց Փաշինյանը:
Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր 3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217. 8 մլրդ դրամ, ընդ որում 2021-ի կապիտալ մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019-ի և 65.8 մլրդ դրամով՝ 2018-ի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021-ի 92.3 տոկոս կատարողականը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
«Որպես արդյունք 2021-ի դեկտեմբերին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020-ի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6.1 տոկոս, 2019-ի նույն ամսվա համեմատ՝ 4.9 տոկոս, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12.1 տոկոս: Էականորեն աճել է միջին և համախառն աշխատավարձը»,-ասաց վարչապետը:
Կառավարությունը կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը համարում է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը, որովհետև այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: 2022-ի համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր:




























