Պետդեպարտամենը հավանություն է տվել Նիգերիային 997 մլն դոլար արժողությամբ 24 Bell AH-1Z Viper ուղղաթիռ եւ ուղեկից սարքավորումներ տրամադրելու գործարքին։ Ուղեկից սարքավորումները ներառում են նշանառության համակարգեր, գիշերային տեսանելիության եւ նշանառության սարքեր, ինչպես նաեւ շարժիչներ եւ ուսուցման համար անհրաժեշտ օժանդակ սարքավորումներ, նշվել է Կոնգրեսին ուղղված հաղորդագրությունում, տեղեկացրել է AP-ը։

Որոշումն ընդունվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ նոյեմբերին Աբուջա կատարած այցից հետո, որի ժամանակ նա մտահոգություն էր հայտնել Նիգերիայի իրավունքների հետ կապված իրավիճակից։ Բայց եւ միաժամանակ Բլինքենը նաեւ հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները Նիգերիան դիտարկում է որպես գործընկեր երկիր Արեւմտյան Աֆրիկայում եւ Սախելում ահաբեկչության եւ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում, եւ ձգտում է ընդլայնել համագործակցությունը նրա հետ, տեղեկացրել է AP-ը։

«Այդ վաճառքը նպատակ ունի աջակցելու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ ի հաշիվ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած գործընկեր երկրների անվտանգության բարձրացման»,- ասել են պետդեպարտամենտում։

Գործարքը նաեւ «կբարելավի Նիգերիայի հնարավորությունները անվտանգության ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար» եւ «կարեւոր ավանդ կդառնա ԱՄՆ-ի եւ Նիգերիայի անվտանգության նպատակներին հասնելու գործում»,- նշվել է հաղորդագրությունում։

Նիգերիայի անվտանգության ուժերը վաղուց արդեն իրենց գործողությունների համար մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների մեջ, ընդ որում՝ նրանց անձնակազմը հաճախ խուսափում է արդարադատությունից։

2020թ. հոկտեմբերին զինվորականները կրակ էին բացել ցուցարարների վրա երկրի տնտեսական կենտրոնում, որտեղ հարյուրավոր մարդիկ բողոքում էին ոստիկանության դաժանությունների դեմ։ Այդ ժամանակ սպանվել էր 11 մարդ։

Նոյեմբերյան այցի ժամանակ Բլինքենն ասել էր, որ ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է  հետաքննության արդյունքներին եւ որոշում կընդունի Նիգերիային զենք վաճառելու մասին՝ մասամբ այդ արդյունքների եւ այն հիման վրա, թե արդյոք մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։