Գերմանացիները պետք է սկսեն էներգիան խնայել արդեն այժմ՝ ռուսական վառելիքից ավելի քիչ կախված լինելու համար։ Այս մասին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Գերմանիան կարող է ավելի քիչ կախված լինել (ռուսական էներգակիրներից), եթե քաղաքացիները կրճատեն էներգիայի սպառումը։ Նա առաջարկել է ավտոմեքենաների փոխարեն երթեւեկել գնացքներով կամ հեծանիվներով։

Հաբեկն ասել է, որ հնարավոր է էներգիայի 10 տոկոս անհատական սպառման կրճատում, եւ ավելացրել, որ գործատուները կարող են իրենց ավանդը ներդնել՝ առաջարկելով աշխատակիցներին տնից աշխատելու հնարավորություն։ «Ամենուրեք, որտեղ հնարավոր է, կարելի է նորից աշխատել տնից շաբաթը մեկ կամ երկու օր՝ սկզբում կամավորական հիմունքով»,- ասել է նա։