Կառավարությունն այսօրվա ապրիլի 15-ի նիստում որոշեց Հայաստանում անասնաբույժի օրը նշել ապրիլի վերջին ուրբաթ օրը:

«Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում՝ ՀՀ –ում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը»,-ասված է նախագծում:

Բացի այդ, որոշվեց, որ ՀՀ-ում բույսերի առողջության պաշտպանության օրը նշել մայիսի 12-ին

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։

Գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։ Միջազգային կազմակերպությունների կողմից ևս նշվում են այդ օրերը։ Մասնավորապես․

Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի վերջին շաբաթ օրը նշվում է անասնաբույժի միջազգային օրը։

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ընդունված բանաձևի համաձայն մայիսի 12-ը հռչակվել է բույսերի առողջության պաշտպանության միջազգային օր։

Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի միջազգային հայտարարված օրը չնշելու հանգամանքը պայմանավորված է քաղաքացու օրվա հետ հնարավոր համընկման հանգամանքով։