Ռուսաստանն Ուկրաինայի ուժայինների սադրանքներին իր տարածքում կպատասխանի նոր հրթիռային հարվածներով Կիեւի օբյեկտներին, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիեւում օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելանան Կիեւի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ցանկացած ահաբեկչական հարձակումներին կամ դիվերսիային ի պատասխան»,- ասել է նա։

Գերատեսչությունը նշել է, որ այս գիշեր «Կալիբր» ծովային հրթիռը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանին։ Հարվածի հետեւանքով ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի արտադրության եւ վերանորոգման արտադրամասերը։ Տարբեր շրջաններում խոցվել է ընդհանուր 13 ռազմական օբյեկտ:

Բացի այդ, ռուսական «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգը Չեռնիգովի մոտ «Մի-8» ուղղաթիռ է խոցել, որը, ըստ գերատեսչության, ապրիլի 14-ին հարձակում է իրականացրել Բրյանսկի շրջանի Կլիմովո բնակավայրում:

Խարկովի մարզի Լոզովայա բնակավայրի մոտ նաեւ «Սու-27» կործանիչ է խոցվել։

Վերջին մեկ օրվա ընթացքում Կենտրոնական Ռուսաստանի շրջաններում՝ Ուկրաինայի հետ սահմանին չորս գնդակոծություն է տեղի ունեցել:

Այդպես, նախօրեին ուկրաինական կողմից գնդակոծվել են Բելգորոդի Ժուրավլեւկա եւ Սպոդարյուշինո գյուղերը. նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ տեղի բնակիչներից մեկը թեթեւ վիրավորվել է, վնասվել են բնակելի շենքեր։

Հարձակում է տեղի ունեցել նաեւ Բրյանսկի շրջանի Կլիմովո գյուղում եւ նույն վայրում գտնվող «Նովիյե Յուրկովիչ» սահմանային անցակետում։ Գյուղում տուժել է ութ մարդ, այդ թվում՝ փոքր երեխա եւ տարեց կին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել։