ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի բոլոր հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է խափանման միջոցն անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին որոշումը, պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու նպատակով, ամբաստանյալը և դահլիճում ներկա գտնվող քաղաքացիներից երկուսը վիրավորական արտահայտություն և հայհոյանքներ են հնչեցրել դատավորի հասցեին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամբաստանյալին և վերոնշյալ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Երկու քաղաքացիների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: