Չայկովսկիի անվան XIV միջազգային մրցույթում հայաստանցի Նարեկ Հախնազարյանի հաղթանակի նման հաղթանակ առաջիկա 60 տարում չենք ունենալու: Այս մասին  այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նա նշեց, որ սա այն դեպքն է, երբ իսկապես կարելի է գլուխ գովալ: «Այնպես չէ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվել է ընդամենը 2:1 հաշվով, այսինքն` մի հատ գոլ են խփել ռուսներին, այստեղ նա հաղթել է բացարձակ կերպով»,- ասաց նա:

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս մրցույթում մասնակցությունը եւ հաղթանակը շատ հայտնի երաժիշտների համար է ճանապարհ հարթել:

«Դպրոցներն իրենց ֆունկցիան այլեւս չեն կատարում, ինչի՞ հաշվին եք ուզում նարեկներ ունենալ: Նարեկի նման երեխաները շատ են, բայց նրանք չեն կարողանում ստանալ համապատասխան կրթություն, դասընթացներ: Նոր Նարեկ մենք էլ չենք ունենա»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:

Նշենք, որ Նարեկը թավջութակի իր առաջին քայլերն արել է Հայաստանում, այնուհետեւ սովորել է Մոսկվայում, Բոստոնոււմ, լավագույն երաժիշտների մոտ վարպետության դասեր է անցել: Թոփչյանի խոսքով` մենք պետք է երաժիշտներ հրավիրենք, որ ստեղծենք դպրոցներ, իսկ «հիմա մենք ստեղծում ենք լավ խոսացողներ»:

Նա նշեց, որ մենք հասել ենք այս վիճակին անտարբեր վերաբերմունքի, քաղաքականության եւ այն պատճառով, որ մեզանում կարծես դասական երաժշտության պահանջարկը չկա. «Մարդիկ չեն հասկանում, որ իրենց երեխաները լավ նվագեն, վերջը ի՞նչ է անելու, բայց կա անելու բան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Չայկովսկիի անվան XIV միջազգային մրցույթի հաղթող է դարձել հայաստանցի Նարեկ Հախնազարյանը` «Թավջութակ» մասնագիտությամբ: Նա ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Նարեկն արժանացել է նաեւ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Էդգար Մորոն` Ֆրանսիայից, երրորդ տեղը` Իվան Կարիզնան Բելառուսից` համապատասխանաբար 15 հազար եւ 10 հազար եվրո մրցանակով: