Tesla-ն խոստացել է ինքնագնաց տաքսիի զանգվածային արտադրություն սկսել 2024 թ.: Այս մասին հայտնում է PC Mag պարբերականը՝ հղում անելով ընկերության հիմնադիր Իլոն Մասկին:

Այդ նպատակով ստեղծված էլեկտրամեքենաներն զգալիորեն կտարբերվեն այն սերիական մոդելներից, որոնք ընկերությունն արտադրում է ներկայում: Նորույթների գլխավոր առանձնահատկություններից մեկը կլինի դրանց լիակատար ինքնագնացությունը, ինչով պայմանավորված սրահում բացակայելու են ղեկանիվը եւ ոտնակները: Մասկը հայտարարել է նաեւ, որ մտադիր է այնպես անել, որ ինքնագնաց տաքսիով երթեւեկությունն ավելի մատչելի լինի ուղեւորի համար, քան հասարակական տրանսպորտով:

«Նայելով մեր կանխատեսումներին՝ կարծում ենք, որ ռոբոտացված տաքսիով ուղեւորությունն ավելի մատչելի կլինի, քան ավտոբուսի կամ մետրոյի տոմսը»,- ասել է նա:

Միլիարդատիրոջ խոսքով՝ ընկերության ռոբոտ-տաքսու նախատիպը կստեղծվի արդեն այս տարի: Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա 2023 թ.: