Ջահերով երթից միայն քիչ առաջ վերադարձանք տուն. Միայն ջահակիր դստերս բերեցինք. Որդիս դեռ իր դաշնակցական ընկերների հետ կազմակերպական աշխատանքներով է զբաղված. Անասելի մի զգացումով եմ վերադարձել. հպարտություն, հույս, վճռականության նորոգում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ վարձքները կատար այս ամենի կազմակերպիչներին, չարքաշ աշխատանքն իրակնացնողներին։ Այսօր ջահակիրների շարքերին նայելիս անասելի հպարտություն կար, այդ պատանիների, երիտասարդների հայացքներն ուրիշ էին՝ վճռական, նպատակամղված, համառ ու պայծառ։ Նրանք են, որ իրականում սիրում են Հայրենիքը, առանց ճառի, առանց ավելորդ խոսքերի։ Նայում էի, երթի պատասխանատու երիտասարդ տղերքին։

Ախր այդ տարիքում նրանք տեսել են մահը, ընկերոջ զոհվելը, 44-օրյա պատերազմի օրերին, առաջին իբր մի քանի րոպեանոց զինադադարի ընթացքում Վարագնաթաղի բարձրունքի ազատագրման ընթացքում նահատակված ընկերների աճյուններն էին հանել։ Ու հասկանում էի այսօր, ջահերով երթի մեկնարկին ՀՅԴ Հայատանի երիտասարդական միության ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի պոռթկումը, զայրույթը։

Ախր իր երիտասարդ ընկերներից շատերի հետ, ովքեր այսօր Եռագույն թեւկապով երթն էին կարգավորում, Ապրիլյանին ու վերջին պատերազմին առաջին իսկ օրից շտապել էին առաջնագիծ։ 2020-ի նոյեմբերի 23-ին էին վերադարձել։ Ատամները կրճտացնելով, իրենց առաջադրանքը կատարած, բայց պարտված։

Այսօրվա ջահերով երթին տեսա մեր շատ երիտասարդների, որոնք Ծիծեռնակաբերդ են բարձրացել տարիներ շարունակ։ Տեսա Ալիսին, որն առաջին երթի մասնակից է եղել, բայց հիմա եկել էր զավակներով։

Տեսա հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին, նրանց հայացքները, նրանց ապրումները։ 1999 թվականից սկիզբ առած Ջահերով այս երթն իր խորհուրդն ունի, իր բովանդակությունն ունի, որն ամեն անգամ վերաիամաստավորվում է, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստանում, երբ մեր իրավունքների պաշտպանության, Հայոց Ցեղասպանության հիշողության, Հայոց Պահանջատիրության աննահանջ ընթացքում ինչ որ բեկումներ, շրջադարձեր կամ վտանգներ են լինում։

Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների ջահերթ էր, որին միանում էին մեր հազարավոր հայրենակիցներ։

Եղավ մի պահ, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ընթացքում վտանգ տեսանք, շեղում արձանագրեցինք ու այս Ջահերթն արդեն դարձավ ըմբոստ, ընդդիմացող, ահազանգող, կարմիր գծեր սահմանող։

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ջահերթն այլ ոգի ուներ, այլ էր շունչը։ 2015-ին էր, երբ Հայոց Պետականությունը, քաղաքական իշխանությունն ու համահայկական կառույցները, ազգային հոգեւոր հաստատությունները, քաղաքական կուսակցությունները միահամառ ջանքերով հիշատակման արարողությունները բարձրացրեցին միջազգային քաղաքական-դիվանագիտական մակարդակի, ապահովելով աշխարհի խոշոր տերությունների բարձրագույն ղեկավարների ներկայությունը Ծիծեռնակաբերդում։

Ապա ամրագրվեցին հայ ժողովրդի տեսլականը, իրավունքները, պահանջները Համահայկական Հռչակագրում։ Այն համազգային ռազմավարություն էր, որ պետք է դառնար գործողությունների համահայկական ծրագիր, որն արդեն միս ու արյուն էր ստանում, դառնում իրական, նախանշվում մեր Պահանջատիրության մեջ ամեն մի հայի, աշխարհի ցանկացած անկյունում, Հայրենիքում բնակվող ամեն հայրենակցի անելիքը, քայլերն ու նպատակները։

Այս ՋԱՀԵՐԹԸ ուղերձ էր աշխարհին, մեր ողջ ժողովրդին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին, Արցախի մեր քույրերին ու եղբայրներին։

Բայց կարեւորը՝ այսօրվա երթը ԲԵԿՈՒՄ էր։ Հստակ ջրբաժան, որն ամրագրեց՝ կամ-կամի հարց կա։ Ու այդ երկընտրանքը պետք Հայաստանում հանգուցալուծվի։

Եվ այդ հանգուցալուծումը մոտ է։ Պետք է այսօրվա միասնականությունը, վճռականությունն ու համառությունը։