«Երկար մտորումներից հետո՝ որոշել եմ թեկնածությունս առաջադրել ԱԺ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված արտահերթ ընտրություններին»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր իր մանդատից: Ներկայումս այս ընտրատարածքում իրենց առաջադրման մասին հայտարարել են նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը, Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը եւ Առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:
Ս. Սուրենյանց իր հայտարարության մեջ նշում է. «Անշուշտ՝ համարում եմ, որ այս ընտրատարածքի նախկին պատգամավորը՝ Խաչատուր Սուքիասյանը, լավագույնս էր ներկայացնում ընտրատարածքի ընտրողների շահերը, նրանց քաղաքական ու հասարակական տրամադրությունների կրողն էր: Դրանով հանդերձ՝ հարգում եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու նրա որոշումը: Կարծում եմ նաեւ, որ իմ ազատազրկված ընկերներից յուրաքանչյուրն ավելի արժանի է հասարակության վստահության քվեն ստանալու, նրա շահերը խորհրդարանում ներկայացնելու համար»: Նա նշել է նաեւ, որ իր այս քայլը դուրս է զուտ կուսակցական եւ ընդդիմադիր ձեւաչափից, ապա ակնկալել է, որ կստանա ընդդիմադիր ուժերի մեծամասնության աջակցությունը:




























