Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումն այս տարի, ըստ Տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատականների, 8.8 տոկոսից մինչեւ12.4 տոկոս կկազմի՝ մոտ 20.7 տոկոս գնաճի դեպքում, Ռուսաստանի Դաշնության օրենսդիրների խորհուրդի նիստին հայտնել է ՌԴ Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր տնտեսությունը բարդ ժամանակաշրջան է ապրում: Սպասվում է, որ այս տարվա վերջին դրա անկումը, ըստ Տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատականի, 8.8 տոկոս կկազմի, իսկ ավելի պահպանողական սցենարով` 12.4 տոկոս: Այս տարի գնաճը, ըստ բազային կանխատեսման, 20.7 տոկոս կկազմի: Հաջորդ տարի ցուցանիշը բավականին բարձր կլինի՝ ավելի քան 6 տոկոս։ Ըստ այդմ, մենք պետք է անհապաղ գնահատենք սոցիալական քաղաքականության մեր խնդիրները՝ ինչը ինդեքսավորել, ինչն է ժամանակից առաջ ինդեքսավորվում կամ, գուցե, ուշանում է, եւ ինչպես ռեսուրսներ հատկացնել դրա համար»,- ասել է Կուդրինը:
Հաշվեքննիչ պալատի նախագահը հավելել է, որ Ռուսաստանի տարածաշրջանների տնտեսությունը մոտ ապագայում խիստ տարբերակված կլինի պատժամիջոցների ճնշման պատճառով։ «Իհարկե, մենք չգիտենք, թե ինչպես են շղթաների խզումը, ծախսերի ավելացումը, արտահանման անկումն ազդելու մեր մարզերի տնտեսության վրա։ Ուստի մեր տարածաշրջանային տնտեսությունները, ի պատասխան առկա մարտահրավերների, խիստ տարբերակված կլինեն»,- հայտարարել է նա:
Վերահսկիչ գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ այս տարի պատժամիջոցների ճնշման հետեւանքները հաղթահարելու համար կառավարությունը հրաժարվել է բյուջեի կանոնից։ «Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ռազմավարական որոշում է կայացրել. այս տարի հրաժարվել ենք բյուջեի կանոնից։ Դա նշանակում է, որ նավթից եւ գազից ստացված բոլոր եկամուտները, որոնք նախկինում կուղղվեին Ազգային բարեկեցության հիմնադրամին, կծախսվեն»,- հավելել է Կուդրինը:
Ռուսաստանն այս տարի մոտ 6.3 տրլն ռուբլի կծախսի տնտեսությանն աջակցելու համար, ասել է Կուդրինը։
Ռուսաստանի Դաշնության 2022-2024 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման վերջին հրապարակված կանխատեսման համաձայն, որը նախապատրաստել էր Տնտեսական զարգացման նախարարությունը, մինչեւ 2022 թվականի վերջը գնաճը պետք է վերադառնար 4 տոկոս նպատակային մակարդակին։ Սակայն, ինչպես հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, այս տարի եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի գնաճը նախորդ գնահատականներից ավելի բարձր կլինի:




























