«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը մեղադրյալ է դարձել նացիզմի ռեաբիլիտացման մասին քրեական գործով Մարշալ Գեորգի Ժուկովի մասին ֆեյսբուքյան գրառումից հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը:
«Քննությունը պարզել է, որ ոչ ուշ, քան 2022 թվականի ապրիլի 6-ը, Ասկերովը Facebook սոցցանցի իր էջին դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է հրապարակել՝ վիրավորելով եւ վարկաբեկելով մեծն ռուս հրամանատար եւ հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկով հիշատակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ կապակցությամբ Ասկերովի նկատմամբ հետաքննվում է ՌԴ քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածի 4-րդ մասով նացիզմի ռեաբիլիտացման փաստով հարուցված քրեական գործը։ Եթե Ասկերովին մեղավոր ճանաչեն, նրան մինչեւ 5 մլն ռուբլի տուգանք կամ մինչեւ հինգ տարի ազատազրկում է սպառնում:
Turan-ը գրում է, որ «Ասկերովի էջին Ժուկովի մասին որեւէ նշված ամսաթվին, դրանից առաջ եւ հետո Ժուկովի մասին որեւէ գրառում չկա»։ «Միեւնույն ժամանակ Ասկերովի էջին նացիստական Գերմանիայի հետ պատմական անալոգիաներ եւ համեմատություններ, ռուսական հեռուստատեսության եւ դրա քարոզիչների միջակության մասին բազմաթիվ բացասական ակնարկներ կան։ Նա նաեւ ծաղրում է Z տառի օգտագործումը ռուսական քարոզչության կողմից եւ մարգարեական է անվանում նացիստական Z տառով խորտակված նավի մասին մուլտֆիլմը: Գրառումներից մեկում Ասկերովը քննադատում է ՌԴ Պետդումային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի եւ նացիստական Գերմանիայի դերի հանրային նույնականացման պատասխանատվության մասին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների համար:
Ռովշան Ասկերովն Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացի է, հիմնականում բնակվում է Մոսկվայում, որտեղ «Բաքու» ամսագրի տնօրենն է։ Այդ պարբերականի գլխավոր խմբագիրը Հեյդար Ալիեւի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիեւան է։



























