«Հայ-թուրքական կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող վնասել Արցախի հիմնախնդրի կարգավորմանը»,-այսօր Ստեփանակերտում ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված` հայ–թուրքական հարաբերություններին և արցախյան հիմնախնդրին նվիրված համահայկական խորհրդաժողովում տեսակետ է հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ԼՂՀ նախագահն ասել է. «Բարդ և բազմաշերտ այդ հիմնախնդիրն անմիջականորեն առնչվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական բնագավառներին, այլև մեծապես կախված է պատմական և հոգեբանական մի շարք գործոններից, որոնք իրենց ազդեցությունն ունեն քաղաքական իրողությունների և զարգացումների վրա։ Բոլոր դեպքերում միանշանակ է, որ հայ–թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ չպիտի և չի կարող իրականացվել ի վնաս ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Երկու տարբեր հարթություններում գտնվող հիմնախնդիրների նման փոխկապակցման փորձերը անպայմանորեն տանելու են փակուղի»:
Նրա խոսքով, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցերում շատ կարեւոր է հայ ժողովրդի կազմակերպվածությունը: «Այսօր մենք առավել ևս պարտավոր ենք ունենալ միասնական ճակատ համազգային նպատակների իրականացման գործում, ճիշտ գնահատել իրավիճակը և ոչ միայն խոսքով, տեսակետներով, այլ համախմբված ու համատեղ լուծել մեր առջև ծառացած խնդիրները։ Դա վերաբերում է թե Հայաստանին, թե Սփյուռքին և թե Արցախին: Անհրաժեշտ է աշխատանք, որը կհամախմբի հայ ազգի ողջ ներուժը` ստեղծելով ամուր կռվան մեր պայքարի համար»,– ասել է Բակո Սահակյանը։



























