Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) դադարեցնում է նավթի փոխադրումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության աղբյուրը՝ հավելելով, որ SOCAR-ը մայիսին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի համար նախատեսված ծավալները կուղղի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշար, գրում է haqqin.az-ը։

«ԲԹՋ-ն ազատ հզորություն եւ ուղիղ մուտք ունի դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը մայիսին որոշել է իր հին ոչ պայմանագրային հանքավայրերից 170.000 տոննա նավթ տեղափոխել ռազմավարական այս նավթամուղ բացառապես կոմերցիոն նկատառումներով: Առայժմ որոշումը վերաբերում է միայն մայիսին, որի ավարտին մենք կորոշենք, թե ինչպես վարվենք»,- ասել է աղբյուրը։ SOCAR-ը 2022 թվականի հունվար-ապրիլին Բաքու-Նովոռոսիյսկ հյուսիսային նավթամուղով 400 հազար տոննա հում նավթ է մղել։ 

Հիշեցնենք, որ SOCAR նավթի փոխադրումն այս խողովակաշարով 2020 թվականին 585 հազար տոննա է կազմել՝ 2019 թվականի 824 հազար տոննայի դիմաց։ SOCAR-ը ծրագրում է 2022 թվականին հյուսիսային ուղղությամբ ընդհանուր 1.209 մլն տոննա նավթ փոխադրել։

Աղբյուրը SOCAR-ում, մանրամասներ չհրապարակելով, հայտնել է, որ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման դադարեցումն «կոմերցիոն հարց է»։ Իրականում, ըստ որոշ վերլուծաբանների, դա պայմանավորված է ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության (Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի օպերատոր)՝ խողովակաշարով «սեւ ոսկի» փոխադրելու համար տրանզիտային վճարները ռուբլով վճարելու մտադրությամբ։

Մեկ այլ պատճառ կարող է լինել Նովոռոսիյսկի տերմինալում լցանավերից նավթ վաճառելու դժվարությունը։ Թրեյդերները փորձում են հեռու մնալ լցանավերի վրա բեռնված ռուսական նավթից, քանի որ միջազգային ապահովագրական ընկերությունները պատժամիջոցների պատճառով հրաժարվում են ապահովագրել ռուսական նավթով լցանավերը: Նովոռոսիյսկ նավահանգստում ադրբեջանական նավթը խառնում են ռուսական Urals-ի նավթին: Այս տեսանկյունից, հնարավոր է, որ Նովոռոսիյսկի տերմինալից ադրբեջանական նավթի վաճառքը շատ ավելի դժվար է դարձել:

Քանի որ Urals նավթը, որը խառնվում է ադրբեջանական նավթին, գնորդներին առաջարկվում է շուկայական գներից գրեթե 30 դոլարով ցածր, SOCAR-ը, համապատասխանաբար, ստիպված է ինքնարժեքից ցածր գներով վաճառել իր նավթը:

Նշենք, որ մարտի 22-ին «Սեւ ծովում փոթորկի» հետեւանքով այս տերմինալից ղազախական նավթի փոխադրումը հիմնականում դադարեցվել էր։ Այդ ժամանակ արեւմտյան աղբյուրները հայտնել էին, որ պատճառն ամենեւին էլ փոթորիկը չէր, քանի որ Սեւ ծովում այդ օրը եղանակը համապատասխանում էր կլիմայական նորմերին։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը միտումնավոր շարքից հանել է գործարանը, որպեսզի կանխի ղազախական նավթի մուտքը եվրոպական շուկաներ եւ, որպես հետեւանք, խոչընդոտի ռուսական նավթից հրաժարվելու ԵՄ-ի ծրագրերին։

Ինչպես հայտնի է, Նովոռոսիյսկի տերմինալի փակումը նավթի արդյունահանման կրճատման է հանգեցրել Ղազախստանի «Թենգիզ» եւ «Կաշագան» խոշոր հանքավայրերում։

Ի վերջո, մեկ ամիս անց տերմինալի եւ Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթատարի շահագործող Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (ԿԽԿ) հայտնեց, որ տերմինալում վթարը վերացվել է։ ԿԽԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող ծովային տերմինալում վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել ՇԿՍ-3-ը (շարժական կառանման սարք):

«2022 թվականի ապրիլի 23-ին եղանակային պայմանների կարճաժամկետ բարելավումը թույլ տվեց մեզ սուզման աշխատանքներ իրականացնել եւ բացել ստորջրյա խողովակաշարային մանիֆոլդը, ինչը թույլ տվեց մեզ վերսկսել փոխբեռնումը նշված ՇԿՍ-ում»,- մասնավորապես, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայումս ՇԿՍ-3-ի միջոցով նավթը բեռնվում է սարքի վրա խարսխված Delta Commander լցանավի վրա: ՇԿՍ-2 սարքավորումը շարունակում է շահագործումից հանված մնալ։ ՇԿՍ-1-ն աշխատում է բնականոն ռեժիմով:

Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ սարքավորումները վերականգնել նախատեսվում է երկու ամսվա ընթացքում։