Իսրայելցի զինվորականները շաբաթ օրը հետախուզություն են սկսել Արեւմտյան ափի հյուսիսում՝ փնտրելով երկու պաղեստինցի հարձակվողի, ովքեր հրեական բնակավայրի մուտքի մոտ կրակել եւ սպանել էին պահակին, հաղորդում է AP-ն:

Այս նոր հարձակումը՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի մեկ այլ վայրում պաղեստինցու մահվան հետ միասին, կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը, որը կտրուկ աճել է վերջին երկու ամսվա ընթացքում: Իսրայելում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների մի շարք հարձակումների հետեւանքով զոհվել է 15 իսրայելցի, մինչդեռ Իսրայելի անվտանգության ուժերի կողմից վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 27 պաղեստինցի:

Բանակում հայտնել են, որ պահակը գնդակահարվել է Արիելի՝ հյուսիսային Արեւմտյան ափի խոշոր բնակավայրի մոտ ուրբաթ ուշ երեկոյան ավտոմեքենայում գտնվող հարձակվողների կողմից: Պահակն իր մարմնով պաշտպանել է իր հետ գտնվող մեկ այլ պահակի եւ դրանով իսկ փրկել է նրա կյանքը։

Բանակում հայտնել են, որ ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի զինյալ խմբավորման երկու ենթադրյալ անդամներ, սակայն անհապաղ ցուցումներ չեղ եղել առ այն, որ այդ անձինք մասնակցել են հարձակմանը: Ընդ որում, ՀԱՄԱՍ-ը կրակոցների համար պատասխանատվություն չի ստանձնել: