Ավելի քան 13.000 օտարերկրացի, ովքեր մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում արտերկրում ապրող հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանն աջակցության պետական ծրագրին, 2022 թվականի առաջին երկու ամիսներին ՌԴ քաղաքացիություն են ստացել, ինչը 3000-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում՝ գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան։
«2022 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել ավելի քան 13 հազար օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ, ովքեր պետական ծրագրի (արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման) մասնակից կամ նրանց ընտանիքների անդամներ են (2021թ. երկու ամսվա ընթացքում՝ 10 հազ)»,- ասել է գործակալության աղբյուրը։
ՆԳՆ-ում հավելել են, որ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար առավել հաճախ դիմում են Ղազախստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի քաղաքացիները»:




























