Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով իր գրառումը վերնագրել ՝ «Մարդասպանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Բութ, անասնական դեմքերով, շատերը դիմակավորված սարսափազդու տեսքով մենթեր, որոնք գլխավոր ճիվաղի հրամանով բացահայտ բռնություններ են գործադրում ցուցարարների նկատմամբ։ Դրանց գործողություններից պարզ է դառնում, որ դրանք համոզված են, որ ոչ միայն անպատիժ են մնալու, այլև ով ավելի շատ աչքի կընկնի իր բարբարոսությամբ, առավել բարձր վարձատրության և պարգևների կարժանանա։ Բռնության կադրերը հաճույք են պատճառում ճիվաղին, դա անհամբեր սպասում է արյան «բուրմունքին», իր երջանկության գագաթնակետին հասնելու համար, ինչպես 2008թ․ 10 զոհերի, պատերազմի հազարավոր զոհերի, ինչպես վրաերթի ենթարկված հղի կնոջ դեպքերում։

Այլևս արդարացված են բոլոր մեթոդները հայրենիքը թշնամուն նվիրող, մարդասպան-ճիվաղից ազատվելու համար»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Նշենք, որ այսօր առավոտից Երեւանում անձրեւ է տեղում եւ այդ բոլոր ակցիաները տեղի են ունեցել անձրեւի տակ: