Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ է արձակել երիտասարդ կնոջ մահվան պատճառ դարձած եւ երկու անգամ դատված գինեկոլոգին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հունիսի 25-ին հիմնավորված է համարել Գյումրի քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգին առաջադրված մեղադրանքը, նրան հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից:
Սակայն ՀՀ ԱԺ 25.06.2011թ. համաներում հայտարարելու մասին որոշման 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերի համաձայն` Ֆ. Մադոյանն ազատվել է ազատազրկման ձեւով նշանակված հիմնական պատժից: Մասնավորապես` դատարանը հիմնավորված է համարել այն, որ Գյումրի քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը 2010թ. հունիսի 18-ին պոլիկլինիկայի` իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է. Եղոյանին: Հետազոտման և ախտորոշման նպատակով Ֆ. Մադոյանը որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել:
Դատարանը հիմնավոր է համարել նաեւ այն, որ տվյալ բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք, այն է` Է. Եղոյանի արգանդից քսուք վերցնելու համար, առանց անհրաժեշտության, արգանդի վզիկից ներարկել է «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից Է. Եղոյանը ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ և գիտակցության չգալով` մահացել է: Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարանին Ֆ. Մադոյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրան դատապարտել ազատազրկման չորս տարի ժամկետով` զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիվանդին հետազոտելու եւ ախտորոշելու փոխարեն «լիդոկային» ներարկած Գյումրիի թիվ 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի դեմ նախկինում եւս մեկ անգամ քրեական գործ էր հարուցվել: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Կապանի բնակիչ Հասմիկ Մկրտումյանը պատմել է, որ երկու տարի առաջ Կապանի բժշկական կենտրոնում բժիշկ Ֆուրման Մադոյանի սխալ բուժօգնություն ցուցաբերելու հետեւանքով այժմ նա չի կարող երեխա ունենալ: Նշենք, որ «Դատալեքս» կայքում դատական գործերի որոնման բաժնում մեզ հաջողվել էր գտնել Ֆուրման Մադոյանի դեմ հարուցված երկու քրգործերն էլ, սակայն երկրորդի մեջ դատվածություն կատեգորիայում նշված չէր, որ նա մի անգամ արդեն դատվել է:




























