Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իրականության մեջ ինքը որևէ առնչություն չունի այն ամենի ինչի հետ, ինչ կատարվում է  Հայաստանում: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, անհնազանդության երքի ժամանակ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի միակ խնդիրն այսօր դարձել է իր բոլոր տապալումները, հայ  ժողովրդին, հայրենիքին հասցրած ողբերգությունը ցրել տարբեր ուղղություններով, ցույց տալ, որ իրենք որևէ կապ չունեն։

«Այն անպատասխանատվության իրավիճակն է, որը ստեղծվել է Հայաստանում։ Բանականաբար, իր հետևից բերել է նոր կորուստներ։ Նրանք փորձում են հայելային հետքաշման միջոցով նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի տարբեր հատվածներում, ինչը պետք է կանխել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Տ.Աբրահամյանն ընդգծեց՝ այսօր Փաշինյանի հեռացումն ունի մեկ նպատակ՝ կանխել թափ հավաքող և գլորվող սպառնալիքների շարքը, հնարավորություն ստեղծել Հայաստանի ու Արցախի համար ուժեղանալ, զարգանալ և այս տարածաշրջանում ապահովել հայի ֆիզիկական գոյությունը։

«Այսօր պայքարն այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության համար է»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, հանրության գերակշիռ մասը գիտակցում է, հասկանում է, թե այս պայքարն ինչին է ուղղված և  սադրիչների գործողությունները, որոնք  կառավարվում է  քաղաքական իշխանության կողմից, նպատակ ունի  վարկաբեկելու այն, ինչ տեղի է ունենում։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։