Բուլղարիան եւ Հունաստանը պայմանավորվել են գազի համատեղ որոնումների մասին՝ Հարավարեւելյան Եվրոպային գազ մատակարարելու եւ իրենց կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու համար, հայտարարել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը։

Բուլղարիան, որն իր գազի կարիքների ավելի քան 90 տոկոսը բավարարում էր ռուսական ներկրմամբ, ապրիլի 27-ին Լեհաստանի հետ միասին բախվել է գազի մատակարարման դադարեցման՝ ռուբլով վճարելուց հրաժարվելուց հետո։

Բալկանյան երկիրը ներկայումս առաջ է քաշում տարածաշրջանային համագործակցություն, որը կներառի գազի եւ էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների ավելի արդյունավետ օգտագործում, ինչպես նաեւ ԵՄ գազի համատեղ գնումներ՝ ռուսական ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար:

Սոֆիան հյուրընկալում է տարածաշրջանում գազի մատակարարումների վերահսկման հարցերով ԵՄ աշխատանքային խմբին, որն անցկացրել է իր առաջին հանդիպումը։ Սոֆիայում տեղի է ունենում նաեւ Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի էներգետիկ ներկայացուցիչների ֆորումը:

Բուլղարիան, որը ներկայումս ռուսական գազ է տեղափոխում Սերբիա եւ Հունգարիա, կարող է նաեւ տարեկան ավելի քան 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել իր գազային ցանցի միջոցով դեպի մնացած Եվրոպա, ասել է փոխվարչապետ Ասեն Վասիլեւը:

Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովի խոսքով, բուլղարական Bulgargaz գազային ընկերությունը եւ հունական DEPA գազային ընկերությունը հնարավորություններ են փնտրելու տարածաշրջան գազ մատակարարելու համար։

Երկու ընկերությունները պայմանավորվել են սկսել հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համատեղ գնումներ, ինչը պետք է բարելավի նրանց բանակցային դիրքը, լրագրողներին ասել է Հունաստանի էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը։

Հունաստանը նախատեսում է շուտով կրկնապատկել իր միակ ՀԲԳ տերմինալի հզորությունը Աթենքի մոտ գտնվող Ռեվիտուսում եւ կառուցել նոր ՀԲԳ տերմինալ հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստում մինչեւ 2023 թվականի վերջը, ասել է Սեկրեկասը: