ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության նախաձեռնությամբ և նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության համակարգմամբ և համագործակցությամբ, մայիսի 2-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում «Ոռոգման արդի տեխնոլոգիաների կառավարում» թեմայով փորձագիտական առաքելությունը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության, գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությունների աշխատակիցները, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս փորձագիտական առաքելության փորձագետներ և այլ շահառուներ։

Միջոցառմանը Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական բարեփոխումների գործընթացին։

Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանում ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը։ Փորձագիտական առաքելության արդյունքում կտրամադրվի խորհրդատվություն և ուղեցույց վերոնշյալ ոլորտի օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների, ինչպես նաև սակավաջրության և երաշտի դեպքում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի վերաբերյալ: Կներկայացվի երաշտի հարմարվողականության ԵՄ լավագույն փորձը։

Հայաստանը կստանա առավել մանրամասն տեղեկատվություն ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում պետական քաղաքականության մշակման համաշխարհային փորձի, ոլորտում իրավական դաշտի կարգավորման, ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների ստանդարտների սահմանման և պահպանման, ամբողջական ներդրման և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ:

Հնգօրյա միջոցառումը կազմակերպվում և ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից։

Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Գուիդո Բոնատին` Իտալիայից (Գյուղատնտեսության հետազոտությունների և տնտեսագիտության խորհրդի (CREA) տեխնոլոգիայի գծով տնօրեն), Վիլդա Գրիբաուսկիենեն՝ Լիտվայից (Կաունասի անտառային և բնապահպանական ճարտարագիտական կիրառական գիտությունների համալսարանի դոցենտ), Ռոննի Վան Լովերենը՝ Բելգիայից («Կլիմայի հարմարվողականության» ծրագրի ղեկավար):

Լրացուցիչ տեղեկատվություն

Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։