Հնդկաստանում ոստիկանը ձերբակալվել է 13-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով, որը բաժանմունք էր եկել՝ հայտնելու խմբակային բռնաբարության մասին, փոխանցում է CBS News-ը:

Նշվում է, որ աղջիկը դալիտների համայնքի անդամ է և երկար ժամանակ բռնության է ենթարկվել բարձր կաստաների կողմից՝ միեւնույն ժամանակ ոչ մի օգնություն չստանալով ոստիկանությունից:

Նրա հոր խոսքով՝ անցյալ ամիս չորս տղամարդ նրան խմբակային բռնաբարության է ենթարկել մի քանի օրվա ընթացքում: Սակայն երբ աղջիկը փորձել է բողոք ներկայացնել անցյալ շաբաթ, ոստիկանը եւս բռնաբարել է նրան:

Ոստիկանությունից հայտնել են, որ սպան ձերբակալվել է 4 այլ մարդկանց հետ, ինչպես նաեւ աղջկա մորաքույրը, որը, ինչպես հաղորդվում է, գտնվել է ոստիկանական բաժանմունքի ներսում, երբ աղջկա վրա հարձակվել են:

Նշվում է նաեւ, որ Ուտար Պրադեշ նահանգի այդ ոստիկանական բաժանմունքի 27 այլ աշխատակից, որոնք ենթադրյալ հարձակման ժամանակ այնտեղ են գտնվել, հեռացվել են ծառայողական պարտականությունները կատարելուց:

 Միջադեպի մասին լուրը վրդովմունքի ալիք է բարձրացրել երկրի սոցցանցերում:

«Եթե ոստիկանական բաժանմունքն անվտանգ վայր չէ կանանց համար, ապա ո՞ւր պետք է նրանք գնան բողոքելու»,- Twitter-ում գրել է բարձրաստիճան ընդդիմադիր գործիչ Պրիյանկա Գանդի Վադրան: