Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը առգրավել են լցանավ, որը արմավենու յուղ էր դուրս բերում երկրից՝ խախտելով արտահանման արգելքը, հայտնում է CAN-ը։

Արմավենու յուղի աշխարհի ամենախոշոր արտադրող Ինդոնեզիան անցած շաբաթ արգելել է իր արտահանումը՝ ներքին գների աճը եւ դեֆիցիտը զսպելու համար:

Չորեքշաբթի օրը ինդոնեզական ռազմանավը որսացել է Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MV Mathu Bhum նավը, երբ այն ուղեւորվելիս է եղել Մալայզիա, հայտնել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ագունգ Պրասետիավան մամուլի հաղորդագրության մեջ:

«Նավը տեղափոխում էր ... 34 կոնտեյներ զտված, սպիտակեցված, դեզոդորացված (RBD) արմավենու օլեին: Սա այն նյութի տեսակն է, որի արտահանումը ժամանակավորապես արգելված է»,- հավելել է նա։

Ինդոնեզիան արտադրում է աշխարհի արմավենու յուղի մոտ 60 տոկոսը, որն օգտագործվում է տարբեր ապրանքներում, ինչպիսիք են կոսմետիկան եւ շոկոլադային սփրեդները: Դրա արտադրության մեկ երրորդը սպառվում է երկրի ներսում։

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ բուսական յուղերը այն հիմնական պարենային ապրանքներից են, որոնց գները վերջին շաբաթների ընթացքում հասել են ռեկորդային մակարդակի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: