Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել «Վիվամեդ» մասնավոր կլինիկա՝ բժշկական հետազոտությունների համար։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն։

«Մենք, որպես պատասխանատու պետություն, միշտ գործում ենք՝ ելնելով ցանկացած մարդու առողջության եւ կյանքի շահերից։ Ըստ այդմ, ինչպես ցանկացած այլ բանտարկյալի դեպքում, հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա կհետազոտվի եւ բուժում կստանա»,- ասել է Բրեգաձեն։ Նա հավելել է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ Սաակաշվիլին մասամբ հրաժարվում է բուժումից բանտում, ինչպես նաեւ ընտրողաբար է սնունդ ընդունում:

Սաակաշվիլին, ով գաղտնի ժամանել էր Վրաստան անցած հոկտեմբերին մունիցիպալ ընտրությունների նախօրեին, ձերբակալվել եւ տեղափոխվել էր Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա անմիջապես հացադուլ էր հայտարարել՝ իրեն քաղբանտարկյալ համարելով: Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումից հետո նրան նախ տեղափոխել էին Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոց, ապա Գորի քաղաքի հիվանդանոց։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա կրկին տեղափոխել էին Ռուսթավիի բանտ։

Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ բանտում իր մոտ ծանր հիվանդություններ են զարգացել։ Ապրիլի 20-ի դատական ​​նիստի ժամանակ նա իրեն վատ էր զգացել եւ բժշկական օգնություն էր խնդրել, ինչի պատճառով դատավորը ստիպված էր ընդհատել նիստը։ Սաակաշվիլիի փաստաբաններն ու կողմնակիցներն իշխանություններից պահանջում են նրան բուժման համար արտասահման տեղափոխել։ Ապրիլի 27-ին Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված բժիշկների խորհուրդը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Սահակաշվիլիի մոտ սպիտակուցային սով  է: