Իրավիճակը Բուսաբանական այգում շատ վատ է, եւ այդ խնդրի լուծման նպատակով հիմնվել է «Բուսաբանական այգու բարեկամներ» հասարակական կազմակերպությունը, որն այցելուների համար մշակել է մի քանի փաթեթներ, որոնք թույլ կտան որոշակի առավելություններ ստանալ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, «Բուսաբանական այգու բարեկամներ» ՀԿ-ի նախագահ Նարինե Հայրապետյանը։

Այդ փաթեթներից մեկի («հիրիկների փաթեթ») շրջանակում մարդիկ կկարողանան 5 հազար դրամ (մոտ 10 դոլար- խմբ.) անդամավճար մուծել, որը կուղղվի այգու զարգացմանը, եւ հնարավորություն ստանալ մեկ ամսվա ընթացքում անվճար ամեն օր այցելել Բուսաբանական այգի, ինչպես նաեւ զեղչեր ստանալ տնկիներ գնելիս եւ միջոցառումներին մասնակցելիս։

«Գործում է նաեւ «նռան փաթեթ», որն արժե 7,5 հազար դրամ, եւ «սոսիների փաթեթ»՝ 15 հազար դրամ արժողությամբ։ Դա այցելուներին թույլ կտա այգում ունենալ անվանական ծառ եւ անվանական նստարան»,- ավելացրել է Հայրապետյանը։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանը հավաստիացրել է, որ անդամավճար մուծելով՝ մարդիկ հնարավորություն կունենան հետեւելու, թե ինչպես են ծախսվում իրենց փողերը։