Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։