Մի քանի օր առաջ մենք Մանկավարժական համալսարանում կախել ենք Արցախի դրոշը, սակայն հիմա տեսնում եմ, որ Արցախի դրոշը հանվել է: Այս մասին հայտարարեց Մալաթիա-Սեբաստիայից սկիզբ առած անհնազանդության երթի խմբից «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Ուսանող միացիր»:

Դրանից հետո մի խումբ երիտասարդներ մտան համալսարանի շենք եւ կրկին տեղադրեցին Արցախի դրոշը: 

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրատվության վարչությունից NEWS.am -ին հայտնեցին, որ  Արցախի դրոշը ցուցարարները նախորդ անգամ տեղադրել էին ապրիլի 26-ին, և այն տեղում է եղել մինչև մայիսի 5-ը։ Այդ օրը համալսարանի  թիվ 57 հիմնական դպրոցի միջոցառման նպատակով դրոշը տեղափոխվել է կուլտուրայի ֆակուլտետ։ «Միջոցառումը ռազմահայրենասիրական թեմայով էր, և դրոշի առկայությունը` խիստ արդարացված։ Ապա հաջորդել են ոչ աշխատանքային օրեր, իսկ դրոշը պետք է վերադարձվեր։  Մանկավարժական համալսարանը չի կարող դեմ լինել ազգային խորհրդանիշներին»,- ասվում է պարզաբանման մեջ։