Վարչապետի աթոռը զբաղեցնողը չի կարող ներկայացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով դեսպաններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ «Հայաստանում քաղաքական ճգնաժամ է ձեւավորվել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համազգային պահանջ է ձեւավորվել։ Այս պահանջն արդարացված եւ թելադրված է անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների եւ ազգային ինքնության պահպանման հարցերում ռեժիմի ձախողմամբ։ Խնդրում ենք դա փոխանցել ձեր մայրաքաղաքներին եւ դա հաշվի առնել ձեր ամենօրյա աշխատանքում»,- ասված է նաեւ հաղորդագրության մեջ։
Սաղաթելյանը կոչով դիմեց նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հորդորելով չդառնալ «ուսապարկերի սպասավորներ»։ «Եվս մեկ անգամ կոչ եմ անում ոստիկանությանը չկատարել Նիկոլի հրամանը»,- հավելեց նա։
Սաղաթելյանը խոստացավ, որ Դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատվածները հետագայում կվերականգնվեն։





























