44-օրյա պատերազմում մեր գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ մենք չկարողացանք ժամանակին, ճիշտ և կազմակերպված լրահամալրում կատարել զինված ուժերի շարքում՝ ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի, 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։
Դիտարկմանը, որ շատ է խոսվում, որ կառավարման լրջագույն խնդիրներ են եղել, պատերազմի հետ կապված տարբեր հարցերի համատեքստում նաև կազմակերպչական, և այս ամենը խուճապային և քաոսային իրավիճակի է հանգեցրել, Վալերիկ Քոչարյանն արձագանքել է՝ ասելով, որ այդ բոլոր հարցերը, եղել են, բայց ոչ համատարած: Եվ որտեղ հրամանատարները փորձառու են եղել, կառավարում եղել է, խնդիրը կատարվել է:
«Բայց անակնկալի երևույթներ կային: Մասնավորապես, հակառակորդն ազդում էր մեր կառավարման միջոցների վրա, փոխում մարտի ձևերը, խուճապային հարցեր կային: Օրինակ, կառավարման վրա շատ էր ազդում ինտերնետային կապը: Հակառակորդը փակել է այդ հնարավորությունները: Երկրորդ՝ մեր զինծառայողները, հատկապես պահեստազորայինները համատարած օգտագործել են բջջային հեռախոսներ, ինչը հակառակորդին հնարավորություն էր տալիս արագ հայտնաբերել, խլացնել, կամ մեր ապագա գործողությունները կռահել: Մեր մեծ թշնամին ինտերնետային կապն էր, որը համապատասխան մարմինները պիտի փակեին»,– ասել է նա:
Վալերիկ Քոչարյանը նշել է, որ զինվորները, պահեստազորայինները շատ հանգիստ օգտագործում էին իրենց հեռախոսները, որովհետև այդ առումով կարգապահություն չկար: Եվ հակառակորդը լսելով, հավաքագրելով այդ ինֆորմացիան, համապատասխան եզրակացություն է արել, համապատասխան որոշումներ կայացրել: Եղել են դեպքեր, երբ զինծառայողի կանգնած վայրի ուղղությամբ հակառակորդը հարված է հասցրել, և մենք անգամ լուրջ տեխնիկա ենք կորցրել:
«Բայց ես ուզում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր հանգամանքի. պատերազմի ժամանակ լինում են կորուստներ՝ մարդկային, տեխնիկական, և այդ կորուստները լրացնելու խնդիր է առաջանում: Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ մենք չկարողացանք ժամանակին, ճիշտ և կազմակերպված լրահամալրում կատարել զինված ուժերի շարքում՝ ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի: Եթե հրանոթները շարքից դուրս են գալիս, դրանք պիտի համալրվեն, երբ կռվող զինվորների շարքերը նոսրանում են, ապա դրանք թիկունքից եկող նոր զինվորներով, պահեստազորայիններով, զորահամալրված անձնակազմով պիտի լրացվեն, ինչը չէր արվում կամ արվում էր շատ վատ: Եվ հաճախ մարտի դաշտ ուղարկված պահեստազորայինները դեռ մարտի մեջ չմտած՝ նահանջում էին, լքում մարտի դաշտը»,– ասել է նա:





























