ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից եւս մեկի ինքնությունը, ով 2004թ. ծնված Հոսիեկ Սարկիսյանն (Hosiek Sarkisyan) է: Վերջինս ձերբակալվել է, NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 եւ 84 տարեկան քաղաքացիներ են:
Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել էր, մեկը ներգրավվել որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում էր կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալված Գոռ Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ միջադեպը կազմակերպված էր իշխանության կողմից։ «Այդ մարդիկ թքել են ավտոների մեջ, ձվերով խփել են մեր ավտոներին, մեր ավտոներն են ջարդել ու հայհոյել են։ Մենք իջել ենք, մոտիկացել ենք, ասել են՝ ինչո՞ւ եք անում, չե՞ք ամաչում, տարիքով մարդ եք, բրդբրդոց է եղել, իրենց մոտից էլ ձվերն ուղղակի վերցրել, խփել ենք գետնին»,– ասել էր նա։
Գոռ Սարգսյանը նաեւ պատմել էր, որ դրանից հետո մոտեցել են հարեւաններին, ներողություն են խնդրել, որ իրենց բակում այդպիսի միջադեպ է եղել, այդ մարդիկ էլ ասել են, որ նրանց չեն ճանաչում, որ այդ բակից չեն, այդ մարդկանց բերել, կանգնեցրել են այդտեղ, որ այդ սադրանքը տեղի ունենա։





























