ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների եւ պատանիների` ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» 1428-Ն որոշման փոփոխությունը, որը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։
Վերանայվել է ըստ մարզաձեւերի մարզադպրոց ընդունվող երեխաների տարիքային շեմը՝ այն մեկ տարի նվազեցնելով:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում, 2024 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, տարբեր մարզաձեւերում ընդունելությունը եւ մարզումները կկազմակերպվեն ներքոնշյալ տարիքից սկսած.
Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ եւ տղաներ), գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ` 5 տարեկան (նախկինում հաստատված 6 տարեկանի փոխարեն):
Սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, լող, ջրացատկ, ֆուտբոլ, շաշկի՝ 6 տարեկան (նախկին 7 տարեկանի փոխարեն):
Աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, դահուկավազք, մականախաղ՝ 7 տարեկան (նախկին 8 տարեկանի փոխարեն):
Ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, բռնցքամարտ, թիավարություն՝ 8 տարեկան (նախկին 9 տարեկանի փոխարեն):
Հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ, հրաձգություն, բիաթլոն՝ 9 տարեկան (նախկին 10 տարեկանի փոխարեն):
Նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ)՝ 10 տարեկան (11 տարեկանի փոխարեն):
Ծանրամարտ (աղջիկներ)՝ 11 տարեկան (նախկին 12 տարեկանի փոխարեն):
Որոշման համար հիմք է հանդիսացել մարզաձեւերի ֆեդերացիաներից եւ ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ: Նոր կարգավորումները քննարկվել եւ համաձայնեցվել են տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաեւ առողջապահության ոլորտի մասնագետների հետ:
Հիմք է ընդունվել այն փաստը, որ տարբեր մարզաձեւերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացումը, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մարզումները ավելի վաղ տարիքից սկսել:
Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձեւերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին:





























