«Դիմադրության» շարժման երթի մասնակիցները ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել են Կառավարության երրորդ մասնաշենքը և արգելափակել բոլոր մուտքերը։
«Մենք ներս մտնելու ցանկություն չունենք, մենք բազմիցս ասել ենք, որ պետական կռավարման համակարգն այլեւս չի սպասարկվում, հանրային ծառայողների վրա լուրջ ճնշումներ են գոծադրվում: Նույնիսկ եթե հանրային ծառայողների բարեկամները մասնակցում են մեր հանրահավաքներին, նրանց աշխատանքից ազատում են։ Սրանով մենք մեր աջակցությունն ենք հայտնում հանրային ծառայողներին, որ իմանան, որ իրենք մենակ չեն, որ դուրս գան ու միանան պայքարին։
Երկրորդը՝ պետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն: Այս գործընթացը լինելու է պարբերական, մինչեւ հասնենք այն կետին, որ այլեւս պետական կառավարման համակարգը ենթարկվի ինքնալուծարման և չծառայի անձամբ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու առավոտյան չշրջափակեցին կառավարության շենքը, որտեղ կառավարության նիստն էր ընթանում եւ վարչապետն էլ այնտեղ էր, Սաղաթելյանը պատասխանեց. «Դա էլ կանենք, հանգիստ եղեք: Ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակն ու օրը, մենք ունենք գործողությունների ծրագիր, որ հետեւողականորեն իրականացնում ենք: Ձեզ չենք հիասթափեցնի, այդ օրն էլ կգա»:
Ինչ վերաբերում է նրան, որ արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ կփորձի իշխանությունը զրկել ընդդիմության պատգամավորի մանդատներից, Սաղաթելյանն ասաց, որ պատգամավոր լինել-չլինելը երկրորդական է, իրենք ունեն ժողովրդի մանդատը»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք եկել են այստեղ, որպեսզի պետական ծառայողներին կոչ անեն չենթարկվել այս իշխանություններին, որովհետեւ նրանք փորձում են պետական կառավարման համակարգը ամբողջությամբ ծառայեցնել «մեկ խելագարի»:





























