ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է կայացրել Սիրիայում ԱՄՆ դեսպանատան այն աշխատակիցների տարհանման մասին, որոնց ներկայությունը ծայրահեղ կարեւոր չէ դիվանագիտական առաքելության աշխատանքի համար: Կտարհանվեն նաեւ դիվանագետների հարազատները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Սիրիայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, անհապաղ թողնել երկիրը, իսկ մյուսներին` ձեռնպահ մնալ Սիրիա այցելելուց, որտեղ շարունակվում են անկայուն իրավիճակն ու անկարգությունները:
Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին 4 ամսում անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ` նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի եւ արմատական բարեփոխումների անցկացման պահանջով: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այդ ընթացքում բախումներին զոհ է գնացել ավելի քան 1,35 հազար մարդ, մոտ 3 հազարը համարվում է անհետ կորած:




























