Մայիսին Լիտվայում տարեկան ինֆլյացիան, ըստ նախնական գնահատականների, կազմում է ռեկորդային 18,5 տոկոս, ցուցանիշի վրա ազդել է սննդամթերքի եւ վառելիքի գների աճը, ասվում է Լիտվայի վիճակագրության դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Նախնական գնահատականներով՝ տարեկան ինֆլյացիան (2022-ի մայիսին 2021-ի մայիսի համեմատ) կազմում է 18,5 տոկոս։ Տարեկան ինֆլյացիայի վրա ամենամեծ ազդեցությունը թողել են սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը, բնակարանների վարձավճարների աճը, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ վառելիքի թանկացումները եւ տրանսպորտային ծառայությունների գների բարձրացումը»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Գերատեսչության կայքում բերված գրաֆիկից հետեւում է, որ նախկինում Լիտվայում ինֆլյացիայի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2008 թվականին (12,7 տոկոս) եւ 1997 թվականին (15,4 տոկոս):
Համեմատության համար նշենք, որ մարտին այդ ցուցանիշը կազմել է 15,7 տոկոս։
Ուկրաինայում սրված իրավիճակի, Ռուսաստան եւ Բելառուս ապրանքների արտահանման դադարեցման եւ մատակարարման խափանումների ֆոնին SEB խմբի տնտեսագետները վատացրել են 2022 եւ 2023 թվականներին բալթյան երկրների տնտեսության կանխատեսումները՝ նշելով, որ բոլոր թվարկվածները երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ժամանակավորապես կխաթարեն շինարարության եւ արդյունաբերության ոլորտները։





























