Թալիբները մոդել տղամարդու են ձերբակալել՝ նրան մեղադրելով «Իսլամի եւ Սուրբ Ղուրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ», փոխանցում է AP-ն։
Աջմալ Հաքիքին, ով աֆղանցիների շրջանում հայտնի է իր նորաձեւության ցուցադրություններով, You Tube-ում տեսանյութերով եւ մոդելային միջոցառումներով, հայտնվել է ձեռնաշղթաներով Թալիբանի հետախուզության գլխավոր վարչության՝ DCI-ի կողմից Twitter-ում հրապարակված տեսանյութերում:
Լայնորեն տարածված եւ հակասական տեսանյութերից մեկում Հաքիքին ծիծաղում է, երբ գործընկեր Ղուլամ Սախին, ով, ինչպես հայտնի է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, զավեշտական ձայնով արաբերեն հատվածներ է արտասանում Ղուրանից: Սախին հայտնի է իր խոսքի դեֆեկտով, որն օգտագործում է հումորի համար։
«Ես ներողություն եմ խնդրում աֆղան ժողովրդից, հարգված կրոնական գործիչներից եւ Իսլամական Էմիրության կառավարությունից,- ասել է Հաքիքին՝ երեք այլ կալանավորված գործընկերների կողքին կանգնած, այդ թվում՝ Սախիի:- Իմ ուղերձը բոլոր յութուբերներին եւ ԶԼՄ-ներում ակտիվ աշխատող երիտասարդներին այն է, որպեսզի խուսափեն իսլամական արժեքները վիրավորելուց»,- հավելել է նա:




























